Գառնու հեթանոսական տաճար

Հին հայկական արևապաշտական տաճար է Կոտայքի մարզի Գառնի գյուղում,  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։ Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (54-63 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։  Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս։

Բայց մինչ այդ՝ 1909-1911 թվականներին, Նիկողայոս Մառի արշավախումբն առաջինն է պեղել ու բացել Գառնու նախաքրիստոնեական տաճարի, այնուհետև ՀՀ Գիտությունների ակադեմիայի 1948 թվականից գործող արշավախումբը (ղեկ. Բաբկեն Առաքելյան)՝ Գառնու ամրոցի ճարտարապետական ամբողջ համալիրի (ամրաշինական ու քաղաքաշինական կառույցների) մնացորդները։ 1930-ականներին Նիկողայոս Բունիաթյանը փորձել է վերականգնել տաճարը։

1949 թվականին ԳԱ հնագիտական արշավախումբը ձեռնարկեց Գառնու կանոնավոր պեղումները Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ։ Հենց այդ արշավախմբի հետ էլ Գառնու ճարտարապետական կառույցի իր ուսումնասիրությունը սկսեց Ալեքսանդր Սահինյանը։

Գառնի տաճարի վերականգնման նախագիծը կառավարությունը հաստատեց 1968 թվականի դեկտեմբերի 10-ին։ 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Այստեղ ևս աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը։ Վերականգնումն ավարտվեց 1975 թվականին՝ տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։ Տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ)։ Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Եռանկյուն ճակտոնը (հյուսիսային ճակատ) եզերված է ատամնաշարի և բուսական ու երկրաչափական քանդակների հարուստ համադրությամբ։ Երկթեք տանիքը ծածկված է բազալտե սալիկներով՝ միացված արճճով ամրացված գամերով։ Վիմագրական, մատենագիտական ու հնագիտական նյութերի համատեղումով արդեն պարզված է, որ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորն իր թագավորության 11-րդ տարում, այսինքն՝ մ. թ. 77 թվականին։

Գառնիի տաճար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *