Գայ (նախկինում՝ Խաթունարխ), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։ Հեռավորությունը Վաղարշապատից՝ 6 կմ, մարզկենտրոնից՝ 36 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 9 կմ։
Գայ է վերանվանվել 1978 թ-ին։
Նախկինում ունեցել է Խաթունարխ անվանումը։ Հիմնադրվել է 1670-1680 թվականներին և կոչվել է Խաթունարխ՝ Երևանի Սեֆի խանի կնոջ՝ Խաթունի անունով, որը ամուսնու հետ այստեղ կառուցել է իր անունով ջրանցք, իսկ այդտեղ գտնվող 2 գյուղերը կոչվել են Վերին և Ներքին Խաթունարխ։ (Վերին Խաթունարխը ներկայիս Ակնաշեն գյուղն է)։
Գյուղը տեղադրված է միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 843 մ բարձրության վրա։ Կլիման չոր է, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Գյուղն ունի 1251 առկա տնտեսություն։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ախուրյանի ջրանցքի ջրերով։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
