Monthly Archives: March 2022

Գարնան և ձմռան վեճը

Գարնան և ձմռան վեճը

Գարունը կյանքի սկիզբն է։ Տարվա այդ եղանակին են ծաղկում ծառերը, հողի տակից իրենց գլուխները հանում ձնծաղիկները։ Իսկ ձմեռը իր ճերմակ սավանով ծածկում է ողջ բնությունը, անհետացնում գարնան ստեղծած ծառերն ու ծաղիկները։

Եվ ահա այդ գարունն ու ձմեռը հանդիպում են և սկսում վիճել։

-Ինչո՞ւ ես եկել, ձմե՛ռ,- ասում է գարունը,- քո ժամանակը վաղո՜ւց անցել է։

Ձմեռը պատասխանում է․

-Սխալվում ես, գարո՛ւն,  ես եկել եմ, որ իմ ճերմակ-ճերմակ ձյունով մաքրեմ օդը։

-Ես երբեք չեմ սխալվում, մարդիկ սիրով և անհամբեր սպասում են ինձ, իմ գալուստին։

– Իսկ երեխաներն իմ գալուստին են սպասում, որովհետև դուրս են գալիս բակ, ձնագնդիկ  են խաղում և ձնեմարդ են պատրաստում։

– Հարգելի ձմեռ, իսկ քո մտքով չի՞ անցել, որ երեխաները կարող են երկար մնալ քո սառը ձյուների մեջ և մրսել, հիվանդանալ, ու նրանք ստիպված պիտի մնան իրենց տներում։ Իսկ գարնան պայծառ արևը կջերմացնի նրանց, և նրանք հետաքրքիր ժամանակ կանցկացնեն բնության գրկում՝ արշավներ  կազմակերպելով և խաղեր խաղալով։

– Լավ, երկուսս էլ ճիշտ ենք, որովհետև երկուսս էլ մեր կարևոր և յուրահատուկ դերն ունենք մարդկանց ու բնության կյանքում։

Նրանք ընկերացան և այդ օրվանից սկսած էլ երբեք չվիճեցին։

Գեղեցիկ բանաստեղծություններ՝ նվիրված մայրիկներին

Նվեր մայրիկիս

Ձյունո՛տ դաշտեր, ի՞նչ կտաք ինձ՝

Նվեր տանեմ իմ մայրիկին։

-Մեր առաջին ձնծաղիկը։

Իսկ դուք ինչո՞վ կուրախացնենք,

Ծիծեռնակնե՛ր հեռվից եկող։

-Մեր առաջին գարնան երգով ։

Դու ի՞նչ կտաս, բարի՛ արև։

-Իմ առաջին տաք շողերը։

-Իսկ ես,-ասաց խնձորենին,-

Իմ առաջին բողբոջները։

Առնեմ գրկեմ ծառի բողբոջ,

Արևի շող, ծաղիկ ու երգ,

Ու դրանց հետ՝ շատ-շատ համբույր

Իմ մայրիկին տանեմ նվեր։

Իգնատ Մամյան

Մայրս

Մեր հույսի դուռն է մայրս,

Մեր տան մատուռն է մայրս,

Մեր օրորոցն է մայրս,

Մեր տան ամրոցն է մայրս,

Մեր հերն ու մերն է մայրս,

Մեր ճորտն ու տերն է մայրս,

Մեր տան անշուքն է մայրս,

Մեր վեհաշուքն է մայրս,

Մեր տան անտունն է մայրս,

Մեր արծվաբույնն է մայրս,

Մեր տան ծառան է մայրս,

Մեր տան արքան է մայրս,

Մեր տան պուճուրն է մայրս,

Մեր հացն ու ջուրն է մայրս,

Մեր տան անճարն է մայրս,

Մեր դեղն ու ճարն է մայրս,

Մեր տան աղբյուրն է մայրս,

Մեր ծարավ քույրն է մայրս,

Մեր տան անքունն է մայրս,

Մեր անուշ քունն է մայրս,

Մեր տան ճրագն է մայրս,

Մեր արեգակն է մայրս,

Ա՛խ,մեր տան Սիսն է մայրս,

Մեր տան Մասիսն է մայրս,

Մայրս,մեր հացն է մայրս,

Մեր տան աստվածն է մայրս…

Հովհաննես Շիրազ

Առավոտը մայրիկի հետԱռավոտվա լույսի շողը,

Վառ  արևն ու առավոտը

Ինձ է բերում իմ մայրիկը,

Երբ պարզելով նուրբ ձեռքերը՝

Ինձ առնում է իր ջերմ գիրկը:

Մայրիկիս կողքին

Նրա կողքին ես ուժեղ եմ,

Նրա գրկում միշտ անվախ եմ,

Նրա սիրով ես պաշարված՝

Այս աշխարհում ես անպարտ եմ:

Նա իմ մայրն է, իմ գարունը,

Ինձ համար շա՜տ-շա՜տ սիրունը,

Որ ժպիտով իր ծաղկաբույր

Իմն է դարձնում ողջ աշխարհը:

***

Թե տխրում եմ, անմիջապես

Մայրիկիս մոտ եմ վազում,

Թե ուրախ եմ, հրճվանքս ես

Մայրիկիս հետ եմ կիսում: 

Բարի, ժպտուն իմ մայրիկից

Չեմ թաքցնում ես ոչինչ:

Մայրիկն ասես գիտուն լինի,

Գիտե ամեն, ամեն ինչ:

***

Մի արև կա, մի’ երկինք,

Մի սիրտ կա ու մի’ լուսին,

Մի գեղեցիկ հայրենիք

Ու մի մայրիկ թանկագին:

(Սուրեն Մուրադյան)